Ատոմ ։ Քիմիական Տարր։ Պարզ եվ Բարդ նյութեր

Դուք արդեն գիտեք, որ ֆիզիկական մարմինները կազմված են նյութերից։ Հարց է ծագում, իսկ ինչի՞ց են կազմված նյութերը։ 

Դեռևս 2500 տարի առաջ (Ք.ա.Vդար) հույն փիլիսոփա Դեմոկրիտն արտահայտել է այն միտքը, որ բոլոր նյութերը կազմված են մանրագույն, անտեսանելի, անբաժանելի, հավերժ շարժվող մասնիկներից, որոնց նա անվանել է ատոմներ (ատոմ բառը հունարենից թարգմանած նշանակում է անբաժանելի)։

XVIII դարում  հստակեցվեց, որ նյութերի մեծ մասը կազմված է մոլեկուլներից, իսկ մոլեկուլներն իրենց հերթին բաղկացած են ատոմներից:

Դեռևս 20 -րդ դարում ֆիզիկոսները ապացուցել են,որ ատոմը ֆիզիկապես բաժանվում է այսպես կոչված տարրական մասնիկների:

Սակայն այս խնդրի ուսումնասիրությամբ զբաղվում է ֆիզիկան, իսկ քիմիան ուսումնասիրում է նյութերն ու քիմիական ռեակցիաները, որոնցում ատոմները չեն բաժանվում: 

Ատոմը նյութի փոքրագույն, քիմիապես անբաժանելի մասնիկն է:
Հետաքրիր է իմանալ, թե ատոմների ի՞նչ տեսակներ կան, ինչո՞վ են դրանք տարբերվում և ինչո՞վ նման։ Մարդկությանն այսօր հայտնի են ատոմների 110 -ից ավելի տեսակներ։ Դրանց մեծ մասը հանդիպում է բնության մեջ, իսկ որոշ մասը ստացվել է արհեստական եղանակով՝ միջուկային ռեակցիաների արդյունքում։

Ջոն Դալթոնը մշակել է ատոմային տեսություն, որտեղ ընդհանրացրել է տարբեր ատոմների մասին տեղեկությունները: Տեսության էությունը հետևյալն է՝
ատոմները նյութի փոքրագույն մասնիկներն են, որոնք անհնար է բաժանել բաղադրիչ մասեր, փոխարկել մեկը մյուսի կամ ոչնչացնել:
միևնույն քիմիական տարրի ատոմներն ունեն նույն կշիռը, տարբեր տարրերի ատոմներ ունեն տարբեր կշիռներ:
քիմիական փոխազդեցության հետևանքով ատոմները միանում են պարզ կամ ամբողջ թվերի հարաբերակցությամբ
Քիմիական ռեակցիաների ընթացքում ատոմները չեն անհետանում և նոր ատոմներ չեն առաջանում, այլ մի նյութի բաղադրությունից անցնում են մեկ այլ նյութի մեջ:
Յուրաքանչյուր տեսակի ատոմ մյուսներից տարբերվում է չափով, զանգվածով, կառուցվածքով և հատկություններով։
Ատոմների յուրաքանչյուր առանձին տեսակը կոչվում է քիմիական տարր։
Յուրաքանչյուր տարր ունի իր անունը, պայմանական նշանը և տարբերվում է մյուսներից։ Օրինակ, ատոմների որոշակի տեսակը կոչվում է երկաթ քիմիական տարր, մեկ այլ տեսակը` թթվածին քիմիական տարր, մեկ ուրիշը` ածխածին և այլն։
Պարզ նյութերը կազմված են մեկ քիմիական տարրի ատոմներից:
Բարդ նյութերը կազմված են տարբեր քիմիական տարրերի ատոմներից: Նրանց նաև անվանում են քիմիական միացություններ:
Քիմիական տարրերի ատոմները միանալով տարբեր հարաբերակցությամբ՝ առաջացնում են միլիոնավոր քիմիական միացություններ, ճիշտ այնպես, ինչպես ցանկացած այբուբենի սահմանափակ թվով տառերի տարբեր դասավորությամբ կազմվում են անթիվ բազմությամբ բառեր։

Leave a comment